Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմը կվերացվի: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է այս հարցը:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արգենտինայի Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
– Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում, քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանում: Պետք է նկատի ունենալ նաև, որ ԱՀ վիզային ներկայիս ընթացակարգը բավականին խրթին է ՀՀ և ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիների համար:
– Նշված համաձայնագրի ստորագրումն աննախադեպ է այն իմաստով, որ Արգենտինան կլինի ԱՊՀ-ից դուրս առաջին պետությունը, ում հետ վիզային հարաբերությունները լրիվ ազատականացվում են: Այն կունենա դրական հասարակական հնչեղություն, ինչպես նաև կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի այլ պետությունների` մասնավորապես Բրազիլիայի, Չիլիի և Ուրուգվայի համար:
– Աշխարհագրական հեռավորության պատճառով փոխադարձ միգրացիոն ռիսկերի բացակայություն:
Համաձայնագրի ստորագրումը ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնի, քանի որ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա են ստանում տարեկան միջինը 500 ԱՀ քաղաքացիներ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: