Սիրիական կառավարությունը Audi, BMW և Mercedes ավտոկոնցեռնների մերժումից հետո ռուսական և չինական ընկերություններին առաջարկել է ներկայացուցչական 20 ավտոմեքենա ձեռք բերելու պայմանագիր կնքել: Դրանք նախատեսվում են Բաշար Ասադի, ինչպես նաև որոշ նախարարների անվտանգության համար:
Չնայած բանակցությունները դեռևս սկզբնական փուլում են, մի շարք ռուսական ընկերություններ այդ հարցում համագործակցելու պատրաստակամություն արդեն հայտնել են: Մասնավորապես՝ АрморТех ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Պիշուլինը նշել է, որ իրենց ընկերությունը կարող է Գերմանիայից պատվիրել համապատասխան զրահավորմամբ ավտոմեքենա, որը մինչև Սիրիա հասնելը կրկնակի կզրահապատվի նաև Ռուսաստանում: Ընկերությունը սիրիական պաշտոնատար անձանց կարող է առաջարկել ներկայացուցչական դասի հետևյալ մոդելները՝ Toyota, Lexus, Audi A8L, S դասի Mercedes և 7-րդ սերիայի BMW:
Armour Group ընկերությունը ևս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել սիրիական կառավարությանը զրահապատ ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցում: Ընկերությունը նաև հայտարարել է՝ այս պահին իրենք միակն են, որ կարող են ավտոմեքենա մատակարարել Դամասկոսին: Ընկերության զրահապատման բաժանմունքը գտնվում է Հորդանանում:
Սիրիայում Ռուսաստանի ներկայացուցչությունը զգուշավորությամբ է մեկնաբանել ռուսական ընկերությունների և Դամասկոսի միջև պայմանագիր կնքելու մասին տեղեկությունները` նշելով, որ դեռևս հայտնիւ չէ, թե որ ընկերությունն է զրահապատ ավտոմեքենա մատակարարելու Դամասկոսին:
Դամասկոսը, թերևս, իսկապես կարիք ունի առաջին դեմքերի ավտոպարկը թարմացնելու: Ապստամբների խոսքերով՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ղեկավարին վերացրել է հենց իր թիկնապահը:











































