Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խորհրդարանական տեղակալ Ալիստեր Բերտն անհանգստություն է հայտնել Դարայում ավելի քան 300 մարդու սպանությունների մասին ստացվող հաղորդագրությունների առնչությամբ:
«Ես շատ անհանգստացած եմ Դարայում զանգվածային սպանությունների մասին ստացվող լուրերից: Այդ լուրերի հաստատվելու դեպքում միջազգային հանրությունը ստիպված կլինի այդ նոր մասշտաբի վայրագությունների հարցը քննարկել»,- հայտարարել է Բերտը, որի խոսքերը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ 300 դի է հայտնաբերվել Դարայ բնակավայրում` Սիրիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք: Դիերի մեծ մասը հայտնաբերվել է բնակելի տների նկուղներում: Ակտիվիստները պնդում են, որ նրանց գնդակահարել են կառավարական զորքերի կողմից իրականացված ռազմական օպերացիայի ժամանակ:
Օգոստոսի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը զրահատեխնիկայի օգնությամբ մտել են Դարայ: Քաղաքի գրոհին հաջորդել են հրետանային ռմբակոծումները և օդից հարվածները, որի արդյուքնում Դարայում մեծ քանակությամբ շինություններ են ավերվել:
Հաղորդվում էր, որ սիրիական բանակի զինծառայողները տներում հետախուզություններ են անցկացրել` ձերբակալելով նրանց, ովքեր կասկածելի են թվացել: Կառավարական զորքերը ապստամբների կողմից դիմադրության չեն հանդիպել, քանի որ ընդդիմադիրները քաղաքը գրավելուց առաջ հիմնականում լքել էին տները:








































