Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ, հիմնականում քրիստոնյաներ, շրջափակման են ենթարկվել ապստամբների կողմից Լիբանանի սահմանի մերձակայքում գտնվող Ռաբլեհ քաղաքում: Այս մասին հայտնել է Վատիկանի ռադիոկայանը` վկայակոչելով պապական բարեգործական ֆոնդին:
Ֆոնդի ներկայացուցիչ, լեհական ծագում ունեցող Վալդեմար Ցիսլո քահանայի տեղեկատվության համաձայն, ով գտնվում է Բեյրութում, Ռաբլեհ քաղաքում շրջափակման ենթարկվածներն ավելի քան երկու շաբաթ է զուրկ են որևէ հումանիտար օգնությունից: Քահանան նաև հաղորդել է, որ վերջին օրերի ընթացքում սպանվել է երեք տղամարդ, ովքեր փորձել են ջուր հայթայթելու նպատակով դուրս գալ արգելափակված գոտու տարածքից:
«Այդ մարդիկ չունեն մթերք, դեղորայք, էլեկտրականություն և այն ամենը, ինչ պետք է կյանքի համար»,- ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել անել ամեն ինչ Լիբանանի սահմանի մոտ շրջափակման ենթարկվածներին փրկելու համար:








































