ԱՄՆ-ում վերջին 50 տարում գրանցված ամենասոսկալի երաշտի պատճառով եգիպտացորենի գները հասել են ռեկորդային ցուցանիշի: Вести Экономика-ի փոխանցմամբ` եգիպտացորենի մեկ տոննայի գինը հասել է 303,7 դոլարի ( մեկ բուշելի դիմաց 8,29 դոլար):
Հունիսի կեսերից եգիպտացորենի գները բարձրացել են 64 տոկոսով: Չորային եղանակն իր տիրապետության տակ է շարունակում պահել ԱՄՆ-ի տարածքի կեսը: 29 նահանգներ (երկրի տարածքի 55 տոկոսը) արդեն հայտարարվել են տարերային աղետի գոտի: Ներկա կանխատեսումներով` ամերիկացիները կկորցնեն բերքի 30 տոկոսը, սակայն եթե երաշտը շարունակվի, ապա ցուցանիշը կարող է բարձրանալ:
Հուլիսին հրապարակած իր հաշվետվությունում ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է արել, որ եգիպտացորենի արտադրությունն այս տարի 14,79 մլրդ բուշելից կնվազի 12,97 միլիարդի: Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2009 թվականին: Այդ ժամանակ ԱՄՆ-ում հավաքել էին հացահատիկային այդ կուլտուրայի 13,1 մլրդ բուշել:









































