Փետրվարի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ հայկական ավանդական կուսակցությունների գրասենյակներ և հանդիպումներ ունեցել կուսակցությունների ղեկավարների ու վարչությունների անդամների, ինչպես նաև «Ազդակ», «Արարատ» և «Զարթոնք» թերթերի գլխավոր խմբագիրների հետ:
Դեսպանը ներկայացրել է որոշ մանրամասներ 2011 թ. դեսպանության կողմից ծրագրված միջոցառումների առնչությամբ և հույս հայտնել, որ լիբանանահայ համայնքն ու բոլոր հայկական կառույցները կշարունակեն սերտ համագործակցությունը դեսպանության հետ, մասնավորապես՝ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Քննարկվել են նաև առաջիկա ամիսներին նախատեսվող միջոցառումների հետ կապված մանրամասներ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Լիբանան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման անհրաժեշտությանը, Լիբանանի հայկական առաջատար լրատվամիջոցների դերակատարությանը համահայկական կարևորություն ներկայացնող խնդիրների լուսաբանման գործում: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումները` կապված նոր կառավարության ձևավորման հետ: