Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել, որ բախումներն ու արյունահեղությունը Լիբիայում կարող են հանգեցնել դրանց տարածմանը ողջ երկրով մեկ, և կոչ է արել Մուամար Քադաֆիին լսել սեփական ժողովրդի ձայնը:
«Լիբիական ղեկավարությունը պետք է ունկնդիր լինի սեփական ժողովրդի ժողովրդավարական պահանջներին»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ:
«Ոչ մի ռեժիմ չի կարող մնալ իշխանության, եթե շարունակի սեփական ժողովրդին դիտարկել որպես վտանգ և ուժ կիրառի նրա դեմ»,- ավելացրել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանը Լիբիան անվանել է եղբայրական երկիր, իսկ «արյունահեղությունն այնտեղ» նա դիտարկում է որպես «արյունահոսություն սեփական մարմնի վրա»:
Տեղեկացնենք, որ երեկ նմանատիպ հայտարարություն էր արել նաև արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հիշեցնենք նաև, որ Եգիպտոսում փետրվարի սկզբին տեղի ունեցող բախումների գագաթնակետին ևս Թուրքիայի վարչապետը հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ: Տեսնենք, թե որքանով են օրինաչափ Էրդողանի հայտարարությունները:






































