Վրաստանի արտգործնախարարությունը վտանգավոր է համարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ` Վրաստանը հատուկ վերահսկողության տակ վերցնելու մասին հայտարարությունը. Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեի խոսքերը փոխանցում է Грузия-online-ը:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը հատուկ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին:
Մեդվեդևի հայտարարությունը հնչել էր Սոչիի 2014-ի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման համար անվտանգության ապահովման մասին խորհրդակցության ժամանակ: Նա չի բացառել, որ խաղերի ժամանակ հնարավոր են տարատեսակ սադրանքներ վրացական կողմից:
«Նախագահ Մեդվեդևի հայտարարությունն ունի նախկինում արված անհիմն մեղադրանքների բովանդակությունը: Այն ֆոնին, որ բոլորի հայտնի է, որ Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպումն իրականացվում է միջազգային նորմերի խախտմամբ, դա կրում է առավել ցինիկ բնույթ: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նման սադրիչ հայտարարություններ արվում են ամենաբարձր ամբիոնից: Դա շատ վտանգավոր է և պետք է վերաբերվել առանձնահատուկ ուշադրությամբ»,- ասել է Կալանդաձեն:







































