Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննություններին, ինչպես նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, ըստ որի` կան դեպքեր, երբ աշխատանքային գրքույկի, գիտական աստիճանի վկայության մասին փաստաթղթերը հարուցում են կասկածներ, և առհասարակ արդյո՞ք այս ամենը բարեփոխումների նպատակ կարող են հետապնդել, քաղաքագետ Նվարդ Մանասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե մենք Վրաստանի նման երկիր լինեինք, որտեղ կառավարման ինդեքսը 68-րդ հորիզոնականում է, ապա անկեղծորեն կարելի էր հավատալ, որ սա բարեփոխումներ է, բայց հաշվի առնելով կոռուպցիայի և նման գործոնների ու անձանց ներթափանցման խորության մակարդակը, ինչպես նաև դրանով պայմանավորված` անվստահության քվեն, որ միշտ գործում է, ապա քաղաքագետը դժվարանում է հավատալ:
«Սա ավելի շուտ նման է նախընտրական շրջանի մոբիլիզացիոն գործընթացի, որտեղ կմնան միայն այն տնօրենները, ովքեր իրենց հավատարմության մանդատը կհանձնեն իշխողներին»,- ասում է Նվարդ Մանասյանը` հիշեցնելով, որ ընտրատեղամասերը դպրոցներում են, իսկ ավագ դպրոցն էլ ավելի լուրջ դերակատար է, ու սա իշխողները պիտի իրենց ռադարի վրա պահեն բոլոր հնարավոր միջոցներով` իհարկե այն քողարկելով բարեփոխումների հիմնավորումներով, որը միայն շղարշ է, և բոլորն էլ հասկանում են. «Բարեբախտաբար մենք` հայերս, ապուշ չենք»:
Հարցին`կարելի՞ է ասել, որ սա հերթական գումար աշխատելու միջոցներից է` բացի ընտրություններին պատրաստվելուց, Նվարդ Մանասյանը պատասխանեց. «Ռազմավարական խնդիրները մի կողմ դնելով, որոնց լուծման անհրաժեշտությունը առաջացրել է այս մանդատը, մարտավարական առումով, այո՛, մի շարք միջին ու բարձր օղակներ անկասկած կօգտվեն այս ամենից: Կաշառքը առաջանում է, երբ տնտեսական տերմինով հնարավորության գինը շատ ավելի բարձր է, օրինակ, երբ օրինական ճանապարհով գնալը ավելի շատ ռեսուրս ու ժամանակ է պահանջում, այդ պատճառով էլ, եթե մեր օրենքները դիտարկեք, կտեսնեք, որ այն կառավարչական առումով բազում սև անցքեր ու ամպեր ունի, ինչը թույլ է տալիս տարընթերցումների միջոցով մեկնաբանել այնպես, ինչպես կցանկանամ, իսկ դա կոնկրետ գին ունի` կաշառքի տեսքով»:






































