Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է «Արդարության պահանջ ունենք» ստորագրահավաքի նախաձեռնողների հետ, որոնք պահանջում են վերանայել Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը:
Հանդիպումը տեղի է ունեցել Թարաբյա նախագահական նստավայրում և անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպումից հետո խմբի խոսնակ Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ Դինքի սպանության վերաբերյալ կայացած դատավճիռը հիասթափեցրել է իրենց, և իրենք նախագահին հայտնել են, որ ցանկանում են տվյալ գործով անցկացնել նոր դատավարություն:
Ֆարուքը հավելել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք հետաքրքրվել են նաև նրանով, թե ինչու որևէ առաջընթաց չի գրանցվել 2012 թվականի փետրվարին նախագահական ապարատին կից Պետական վերահսկիչ խորհրդի (DDK) կողմից Դինքի սպանության վերաբերյալ զեկույցի կազմելուց հետո՝ հիշեցնելով, որ Դինքի սպանության վերաբերյալ դատավճիռը կայացվել է այս տարվա հունվարի 19-ին:
Ֆարուքի խոսքերով՝ նախագահը խոստացել է, որ DDK-ի պատրաստած զեկույցը չի մնալու գրադարակներում, և ինքն ակտիվորեն հետևելու է այդ գործընթացին:
Հիշեցնենք, որ DDK-ի 653 էջանոց զեկույցը հրապարակվել է փետրվարի 20-ին, որի պատրաստումը տևել է 1 տարի: Զեկույցում նշված է, որ անվտանգության ծառայություններն ու Ժանդարմերիան նախապես իմացել են Դինքին սպառնացող վտանգի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել դա կանխելու ուղղությամբ և չեն համագործակցել Դինքի կյանքը պահպանելու հարցում: Բացի այդ, նշված էր, որ Դինքի սպանության հետաքննման ժամանակ եղել են թերացումներ, և որ դրանք իրականացրած պաշտոնյաները պետք է դատվեն առաջին ատյանի դատարանում:










































