Լոնդոնի Օլիմպիական խաղերի առիթով մասնավորապես` Յուրի Վարդանյանի հայտնի մեկնաբանություններից հետո ծավալված բանավեճը շեղվեց անձերի և քաղաքական խմբերի ուղղությամբ, մինչդեռ այն ըստ էության կարող էր շատ կարևոր լինել Հայաստանի համար:
Բանն այն է, որ սպորտը այն ուղղությունն է, որը ամբողջ աշխարհում արդեն դարձել է պետությունների մրցակցության առանցքային ոլորտներից մեկը: Օրինակ` Լոնդոնում ներկայումս մրցակցում են ԱՄՆ-ը և Չինաստանը, ու մարզական այդ մրցակցությունը, որը, ըստ էության, ոչ պաշտոնական է, այնուհանդերձ` արտահայտում է նաև այդ երկու տերությունների աշխարհաքաղաքական մրցավեճը:
Սպորտը վաղուց դարձել է պետական արդյունավետության ինդիկատոր, և այդ իմաստով ոլորտը էական արդիականացման կարիք ունի նաև Հայաստանում, ու բանավեճը պետք է ծավալել այդ թեմայով: Սպորտի կառավարման որակը, կառուցվածքը, մեթոդաբանությունը Հայաստանում պետք է ենթարկվեն լրջագույն վերանայման: Հայաստանում, ըստ էության, սպորտ էլ չկա, կան մի քանի մեծահարուստներ, որոնք ըստ իրենց նախասիրությունների` հովանավորում են այս կամ այն մարզաձևը: Իրականում, ինչպես ցույց է տալիս փորձը, այդ ամենը չի բերում սպորտի զարգացման: Կարող են լինել առանձին դրվագներով հաջողություններ, սակայն սպորտային համակարգ, դպրոց և ամենակարևորը՝ մարզական մշակույթ չի ձևավորվում:
Սա լուրջ խնդիր է, որ կարիք ունի քննարկման: Սակայն Հայաստանում այդ թեմայով հասարակական քննարկում էլ չի լինում, որովհետև սպորտը վեր է քննարկումներից: Այդ մի քանի մեծահարուստները իրենց փողով կամ էլ պարզապես իրենց թիկնազորներով փակել են բոլորի, առաջին հերթին` ոլորտի մասնագետների բերանը, և շատ քչերն են մնացել, որ այսօր պատրաստ են խոսել ու մասնագիտական լուրջ քննարկում ծավալել մարզաշխարհի կառավարման խնդիրների վերաբերյալ: Այլ կերպ ասած` Հայաստանի սպորտը գերի է դարձել իր հովանավորներին, որոնք սպառնում են կա՛մ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն քննադատել նրանց գործողությունները, կա՛մ էլ պարզապես սպառնում են այլևս չհովանավորել տվյալ մարզաձևը:
Այլ կերպ ասած` հայաստանյան մարզաշխարհը դարձել է նաև հայաստանյան օլիգարխիայի փառասիրական շանտաժի զոհը: Եվ ըստ էության, անկախ այն բանից` ինչպիսի գիտակցումով են այդ հովանավոր օլիգարխները դիմում շանտաժի, և գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա շանտաժ է, այնուհանդերձ` փաստն այն է, որ դրանով նրանք իրենց արած լավ գործն էլ են նետում ջուրը:
Հայաստանում մարզաշխարհ հասկացությունը շեղվել է իր ուղեծրից, շեղվել է մարզաշխարհի համաշխարհային զարգացման ուղեծրից, և եթե այդ ամենի վերաբերյալ հրապարակային քննարկումներ չլինեն, եթե չլինեն քննադատություն, ընդդիմախոսություն, դիտողություն, ապա Հայաստանի մարզաշխարհը որևէ կերպ չի կարող լինել պետության մրցունակության մի բաղադրիչ, այլ պարզապես աստիճանաբար կդառնա բեռ թե՛ պետության, թե՛ հասարակության համար` ի դեմս իրենց հովանավորների, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը իրենց հովանավորած սպորտը կամաց-կամաց դարձնում են ընդամենը հասարակության վրա մատ թափ տալու, հանրության ձայնը կտրելու գործիք:










































