«Արմավիա»-ն իսկապես չի վերցնելու ռուսական երկրորդ Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռը: Այս մասին տեղեկություններն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին «Արմավիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից` հավելելով, որ ավելի վաղ ընկերությունը ևս տեղեկացրել էր, որ երկրորդ Superjet չի վերցնելու:
Ըստ «Արմավիա»-ի` օդանավը չեն վերցնում, քանի որ նպատակահարմար չեն գտնում: «Առաջին Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռը ձեռք էր բերել 2011 թվականին, որի 1 տարվա շահագործման ընթացքում վերանորոգման կարիք էր առաջացրել»,- պարզաբանեցին «Արմավիա» ավիաընկերությունից` շարունակելով, որ դեռ պարզ չէ կհրաժարվեն առաջին ինքնաթիռից, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկը` РБК daily թերթը, ևս անդրադարձել էր այս հարցին` գրելով, որ «Արմավիա»-ն այժմ հնարավորություն է փնտրում նաև առաջին օդանավից հրաժարվելու համար:









































