Այսօր` օգոստոսի 6-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Միջոցները հավաքագրվել են Հիմնադրամի բարերարներ Համո և Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից և համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011-ի արդյունքում հավաքագրված գումարից:
Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը` ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:
Բացմանը ներկա են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, ինչպես նաև բարերարներ տեր և տիկին Գրիգորյաններն իրենց զավակների հետ:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Այս տունն» անճանաչելիորեն փոխվել է այս կարճ ժամանակահատվածում: Մեր բոլորի նպատակն է, որ այս երեխաներն էլ մյուսների նման ուրախ ապրեն՚, – իր ողջույնի խոսքում ասաց Ժիլբեր Մոմջյանը:
«Սիրելի բարերարներ, դուք մեզ հետ միասին փոխարինում եք այս մանուկների ծնողներին: Ձեր արածը աստվածահաճո գործ է՚,- իր շնորհակալական խոսքում նշել է «Երեխաների տան» տնօրեն տիկին Ավագյանը:
Իսկ բարերար Համո Գրիգորյանը, 10 հազար ԱՄՆ դոլարի կտրոնը հանձնելով Ժիլբեր Մոմջյանին` հուզված ասել է, – «Մենք շատ բարերարներ ունենք և ամենքն էլ իրենց կարողության չափով օգտակար են, բայց պակաս կարևոր չեն նրանք, ովքեր անձնապես կիսում են այս մանուկների առօրյա հոգսը»:
Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին և մինչև 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 և 1993թթ.-ին կառուցվել է ևս երկու մասնաշենք: Մանկատանը խնամք է ստանում մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխա, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական շեղումներ: 6 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում` Խարբերդի մասնագիտացված և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ: Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր և ֆիզիկական վիճակը, ինչպես նաև նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու և ուսանելու Երևանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, բարելավված առողջական վիճակ ունեցող երեխաները ծնողների ցանկությամբ կարող են վերադառնալ ընտանիք:
«Մենք որոշել էինք Հիմնադրամի 20-ամյակը նշել ո’չ թե հանդիսություններով ու հրավառությանբ, այլ ամենատարբեր ծրագրերի բացումներով: Այդ շարքը սկսեցինք տարեսկզբին Արցախում և կշարունակենք ողջ տարվա ընթացքում», բացման հանդիսությունը եզրափակել է Հիմնադրամի տնօրեն Արա վարդանյանը :












































