Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:








































