Չինական ԶԼՄ-ները Վաշինգտոնին մեղադրել են «անախորժություններ ստեղծելու» մեջ՝ կապված Պետքարտուղարության կողմից Հարավչինական ծովի վիճելի կղզիների հարցում Պեկինի հասցեին հնչած քննադատության հետ, հաղորդում է Agence France-Presse-ը: Պետքարտուղարությունը օգոստոսի 3-ին հայտարարել էր, որ Չինաստանը «սրում է լարվածությունն» այդ տարածաշրջանում:
Վաշինգտոնի հայտարարությանը հետևել էր Չինասանի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են վիճելի Վուդի կղզում (մյուս անվանումը՝ Յունսին) Սանշա քաղաք ստեղծել:Կղզու նկատմամաբ հավակնություններ ունեն նաև Ֆիլիպինները և Վիետնամը:
Ի պատասխանʽ Չինաստսանի ԱԳՆ-ն օգոստոսի 4-ին ԱՄՆ-ից պահանջել էր հարգել երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Մի քանի օր անցʽ գոստոսի 6-ին, Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության «Ժենմին ժիբաո» թերթը Վաշինգտոնին կոչ է արել «կտրել ձայնը»:
«Ամերիկյան կողմի հայտարարությունը խառնում է ճիշտը սխալի հետ, մոլորության մեջ է գցում հանրությանը, ոչ ճիշտ ազդանշաններ է ուղարկում, և պետք է անխղճորեն հետ մղվի: Մենք կարող ենք պարզապես բացականչել ԱՄՆ-ին՝ ձայններդ կտրե՛ք»,- գրել է թերթը:
ԱՄՆ-ի խիստ քննադատությամբ հանդես է եկել ևս մեկ թերթ՝ «Չժունգո ժիբաո»-ն: Պարբերականը գրել է, որ Սպիտակ տունը չի դադարել «մտածել սառը պատերազմի հասկացողությունների շուրջ»: «Փոխանակ քննադատելու այն երկրին, որը խնդիրներ է ստեղծում Հարավչինական ծովում, ԱՄՆ-ն ցեխ է շպրտում Չինաստանի վրա, որն այդ տարաձայնութունների իրական զոհն է»,- ասվում է պարբերականի խմբագրականում:










































