Բաթումում ավարտվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազ» ընդդիմադիր կուսակցության հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, հաղորդում է Interfax-ը:
Ցույցի ժամանակ Իվանիշվիլին նշել է, որ «Սաակաշվիլին կառավարում է «բաժանիր և իշխիր» սկզբունքով»:
«Նա վրացական հասարակությանը բաժանել է իր կողմնակիցների և իր հակառակորդների մեջ: Նա ունի իր հեռուսատալիքները, իր դերասանները, իր մտավորականությունը: Հասարակության մյուս հատվածին նա չի ճանաչում: Բանը հասել է նրան, որ նա փորձում է վրացական եկեղեցում մրցակցություն մտցնել»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա կարծիքով` Սաակաշվիլու կառավարմանը «մնացել է շատ քիչ ժամանակ, քանի որ այն հիմնված է ստի վրա»:
«Ներկայիս իշխանություններն ինձ մեղադրում են Խորհրդային Միության հանդեպ կարոտախտի համար և նրա, որ ես ցանկանում եմ Վրաստան բերել ռուսական զորք, սակայն Սահակաշվիլին ամեն ինչ արել է, որպեսզի ռուսական զորքերը մտնեին Վրաստան»,- ասել է Իվանիշվիլին:
Հանրահավաքը տեղի է ունեցել միլիարդատիրոջ նախընտրական քարոզչության շրջանակներում: Մասնավորապես, Իվանիշվիլին խոստացել է հաղթանակի դեպքում անել հնարավորը, որպեսզի ռուսական շուկայի դռները բացվեն վրացական արտադրանքի համար:










































