Հայաստանի 343 ամենախոշոր հարկատուները 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները, քան այդ 343 հարկատուներից հետո եկող հարկատուները:
Սա երևում է ՊԵԿ-ի կողմից այսօր հրապարակած խոշոր հարկ վճարողների՝ 2010թ. դեկտեմբեր ամսվա մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծականից: Մոնիտորինգի ենթարկվող 343 խոշոր հարկ վճարողները 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելացրել են իրենց կողմից պետական բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները ընդամենը 6.8%-ով:
Սակայն ինչպես երևում է ֆինանսների նախարարության հրապարակած պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվություններից, նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը ավելացել են ավելի մեծ չափով` 13.7%-ով:
Սա նշանակում է, որ 343 խոշորներից հետո եկող հարկատուները 13.7%-ից էլ մեծ տոկոսով են ավելացրել հարկերն ու այլ պարտադիր վճարները, որի արդյունքում էլ ընդհանուր միջին ցուցանիշը եկել-կազմել է 13.4%:







































