Միացյալ ընդդիմության առաջնորդները, ի պատիվ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, 365 սպիտակ վարդ են բերել: Այն օրերի քանակով, որոնք նա անցկացրել է կալանավայրում և Խարկովի հիվանդանոցում, հաղորդում է Interfax-ը:
«Մենք այսօր եկել ենք Յուլիային սատարելու, ասելու, որ նա ոչ միայն ուժեղ մարդ է, ոչ միայն գեղեցիկ կին է, այլ նաև իսկական ուկաինուհի, և մենք այսօր նրա հետ ենք: Այստեղ 365 սպիտակ վարդ կա: 365 օր նա գտնվում է կալանավայրում, և ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միմյանց և Յուլիա Վլադիմիրովնային վարդեր կնվիրենք միայն մեծ տոների առթիվ, և որ սրանք վերջին վարդերն են` կապված նրա ազատազրկման հետ»,- Խարկովում լրագրողներին ասել է «Фронт Змін»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով` Խարկով ժամանածները Տիմոշենկոյի հետ անձնական հանդիպման իրավունք չունեն, սակայն նրանք, որպես ազգային պատգամավորներ, առանց խոչընդոտի, մուտքի իրավունք ունեն ինչպես կալանավայրի տարածք, այնպես էլ կալանավորների մոտ:
Տիմոշենկոյի ազատազրկման տարելիցի առթիվ Կիևի կենտրոնում ընդդիմության վրանային ճամբարում բացվել է լուսանկարների ցուցահանդես: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ցուցադրվել է 365 լուսանկար:
Բացի այդ միջոցառումից` Կիևի բոլոր թաղամասերում ընդդիմությունը Տիմոշենկոյի պատկերով սթիքերներ է փակցրել «365 օր անազատության մեջ: Նա չի կոտրվել, իսկ դո՞ւ» բովանդակությամբ: Ընդդիմությունը նաև 365 աղավնի է բաց թողել Պեչերի շրջանային դատարանի մուտքի մոտ, որտեղ մեկ տարի շարունակ տեղի էր ունենում Տիմոշենկոյի դատավարությունը:










































