Գյումրիի քաղաքապետի՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրելու: Փոխարենը քաղաքի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն առաջադրելու է 3-4 թեկնածու: Հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրել, Գյումրիում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Մուրադ Գրիգորյանը պատասխանեց, որ հիմնվել են քաղաքական հաշվարկների վրա: «Մենք ապրում ենք այդ տարածքում, քաղաքը լավ ենք ճանաչում: Քաղաքական հաշվարկի արդյունք է մեր որոշումը»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ դեպքում ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ թեկնածուին, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ անպայման սատարելու ենք, կամ որտե՞ղ է գրված, որ սատարելու ենք»: Նրա խոսքով՝ երբ բոլոր թեկնածուները կառաջադրվեն, ըստ այդմ իրենք սատարել-չսատարելու վերաբերյալ որոշում կկայացնեն: «Մենք ոչ թե թեկնածուին ենք սատարում, այլ, եթե սատարենք, սատարելու ենք թեկնածուի ներկայացրած ծրագիրը: Կնայենք՝ որ թեկնածուի ծրագիրն առավել համահունչ կլինի Հայ ազգային կոնգրեսի թեկնածուի ծրագրերին, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք: Մեզ համար կապ ունեն ծրագրային այն դրույթները, որով հանդես է գալու տվյալ թեկնածուն»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք՝ եթե ՀՀԿ թեկնածուի ծրագիրը հավանեն, պատրա՞ստ են անգամ նրան սատարել: «Եթե ՀՀԿ թեկնածուն գտնի, որ Գյումրիում ստեղծված խնդիրների լուծումն ածանցվում է Բաղրամյան 26-ի հետ և ըստ այդմ համապատասխան լուծումներ առաջարկի մեր քաղաքի համար, մենք կկողմնորոշվենք: Բայց աջակցելը պարտադիր պայման չէ, ոչ մի տեղ դա գրված չէ: Այ եթե լիներ Հայ ազգային կոնգրեսի անդամ համայնքապետի թեկնածու, մենք, բնականաբար, և՛ կաջակցեինք, և՛ կոչ կանեինք ընտրելու, քարոզարշավն ու ընտրությունն էլ կկազմակերպեինք»,- պատասխանեց Գրիգորյանը:
Նա չցանկացավ գնահատական տալ Վարդան Ղուկասյանի աշխատանքին՝ նշելով, որ քարոզարշավի ընթացքում դա կանեն:










































