Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց, քանի որ Թալինի թիվ 15-րդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը:
Այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայանալու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի արտահերթ ընտրությունները: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են 5 թեկնածու` հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանն ու անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը:
Սակայն նախընտրական Թալինում իրավիճակը լարված է, քանի որ իշխանական թևը` Հանրապետականը, բաժանվել է 2 մասի: Հուլիսի 26-ին ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հանդիպում էին ունեցել ՀՀԿ Թալինի շրջանային կազմակերպության ակտիվի հետ, որի ընթացքում որոշվել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Թալինի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի թեկնածությունը: Սակայն, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Մնացական Մնացականյանը չի սատարում Հանրապետականի առաջադրած թեկնածուին: Ավելին, ըստ որոշ թալինցիների, նա սատարում է անկուսակցական Վորոշ Խաչատրյանի թեկնածությունը: Թալինցիների խոսքով` սա հարուցել է Թալինի հանրապետական մյուս թևի դժգոհությունը, որի արդյունքում էլ օգոստոսի 2-ին ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը Մնացական Մնացականյանի կնոջը` Թամարա Գևորգյանին, որը բժշկական կենտրոնի ղեկավարն էր, ազատել է աշխատանքից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հերքեց շրջանառվող կարծիքները՝ ասելով. «Շատ բան են ասում՝ ասելով, որ աշխատանքից հեռացնելը քաղաքական ենթատեքստ ունի: Թամարա Գևորգյանն աշխատանքից ազատվել է վատ աշխատանքի` չարաշահումների արդյունքում»: Հարցին, թե չարաշահումները միայն ընտրություններից առա՞ջ են նկատվել, պատասխանեց, որ այս տարիների ընթացքում ստուգում չէր իրականացվել, ստուգումը մեկ ամիս առաջ է կատարվել:
ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանն էլ, անդրադառնալով մարզպետի խոսքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե մարզպետը նման բան է ասել, ինքն ինչ ասի: Ըստ Մնացական Մնացականյանի` մարզպետն է որոշողը պաշտոնից հեռացնելն ունի՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ: «Եթե նման բան է ասել, ուրեմն շատ խելոք մարդ է, ինքն է որոշում: Ես չեմ ուզում այսօր իմ պատասխաններով մարդկանց մեջ ինչ-որ տրամադրություններ գրգռեմ և այլն: Ինքն է որոշում, իսկ ամբողջ ժողովուրդն էլ ճանաչում է՝ այդ մարդը լավ է աշխատել, թե ոչ: Ամեն ինչին գնահատական տվողը տվյալ համայնքի բնակչությունն է: Մարզպետը շատ փոքր է, որ ինչ-որ պիտակներ կպցնի կամ բաներ անի, ինքը շատ փոքր անձնավորություն է ընդհանրապես»,- ասաց պատգամավորը:
Խոսելով այսօր կայանալիք ընտրություններից` նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ մի թեկնածուի չի սատարում: Մնացական Մնացականյանը վստահեցրեց, որ պաշտպանում է ժողովրդի պաշտպանյալին, ում ժողովուրդն ընտրեց: «Իմ աջակցությունը ոչ մի թեկնածուի չեմ հայտնել, ես ասել եմ` որ թեկնածուին ժողովուրդը կընտրի՝ իմ աջակցությունը ժողովրդին եմ հայտնելու, որ թեկնածուին ժողովուրդը կընտրի՝ իմ համար կլինի ամենաընդունելի, ամենաարժանի թեկնածուն: Ես աշխատել եմ, գիտեմ` ինչ բան է համայնքի ղեկավար լինելը, եթե համայնքի ղեկավարին ժողովուրդը չի ընտրում, այդ համայնքի ղեկավարը չի կարողանալու համայնքի հետ աշխատել: Դա շատ լավ գիտակցելով` չեմ խառնվում և որևէ մեկին չեմ պաշտպանում, պաշտոնապես էլ որևէ հայտարարություն չեմ արել: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը՝ մեկ ձայն ունեմ, կգնամ ընտրության և կորոշեմ, թե ում եմ տալիս»,- պարզաբանեց Մնացական Մնացականյանը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր վստահությունը հայտնեց հանրապետական Սարգիս Արամյանի հաղթանակի վերաբերյալ:









































