Գիտնականներն ապացույցներ են գտել, որ Անտարկտիդան նախկինում ցամաքային տարածք է եղել, որտեղ արմավենիներ են աճել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Nature-ը:
Բույսերի սերմերը և միաբջիջ օրգանիզմների մնացորդներն օգնել են պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կլիմա է ունեցել Անտարկտիդան 53 մլն տարի առաջ:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ձմռանն Անտարկտիդայում ջերմաստիճանը պահպանվում էր Ցելսիուսի 10 աստիճանի սահմաններում, ամռանը բարձրանում էր մինչև 25 աստիճան:
Վաղ էոցենի շրջանը հայտնի է որպես «էոցենյան ջերմոց»: Այդ շրջանի ուսումնասիրությունը հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ հնարավոր է զուգահեռներ անցկացնել այդ շրջանի կլիմայի և այսօրվա գլոբալ տաքացման միջև: Էոցենի շրջանում մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը ավելի բարձր էր, քան այժմ:
Գիտնականները հույս ունեն, որ «ջերմոցային էֆեկտի»՝ կլիմայի վրա ունեցած ազդեցության մասին նոր գիտելիքները հնարավորություն կտան պարզել՝ ինչպես կարող է զարգանալ իրավիճակն այսօր, եթե մթնոլորտում ածխաթթու գազի խտությունն աճի:









































