Դամասկոսի Յարմուկ թաղամասում պաղեստինցի փախստականների ճամբարի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, հաղորդում է Euronews-ը: Ընդդիմադիրների կողմից համացանցում տեղադրված տեսանյութում պատկերված է ռմբակոծությունից հետո ստեղծված իրավիճակը: Մարդիկ ծխի միջով վազում են, գետնին երևում են այրվող մարմիններ: Ռմբակոծությունը սկսվել է այն ժամանակ, երբ մարդիկ շուկայում մթերք էին գնում ուրբաթօրյա ընթրիքի համար:
Պետական լրատվական գործակալությունը ճամբարի վրա հարձակման համար մեղադրել է ապստամբներին, մինչդեռ ընդդիմադիրներն առայժմ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից:
Լրագրողներն օդանավակայանում խոսել են Հալեպից Երևան ժամանած հայ փախստականների հետ:
«Մեր ճակատագիրը սարսափելի է: Աստծո կամքով միգուցե մեկ-երկու շաբաթ հետո ավելի լավ լինի: Մենք դեռ հույս ունենք, որ լավ կլինի»,- ասել է նրանցից մեկը:
«Բոլորին թվում է, որ մեզ այնտեղ ճնշում են, բայց մենք այս տարիներին նորմալ ապրել ենք: Ուստի մի հավատացեք, թե ինչ են ձեզ ասում: Կառավարությունը, ընդհակառակը, հարձակումներից մեզ պաշտպանում է»,- ասել է մյուսը:
Սիրիայում հաշվվում է շուրջ 80 հազար հայ, նրանց մի զգալի մասն ապրում է հենց Հալեպում:











































