Երևանի քաղաքապետարանը , Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույն չափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:
Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը ևս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է , որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է Երևանի քաղաքապետարանի համար և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին քաղաքապետը նշել է. «Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին նշել է, որ այս փուլի ստորագրմամբ ըստ էության կամբողջանա Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը. « ՀՀ կառավարությունն իր հերթին մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Երևանի ենթակառուցվածքների զարգացումը, փորձում է վարկային միջոցներ ներգրավել այդ ուղղությամբ»,-նշել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար պատրաստակամություն և ցանկություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:









































