Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ ներգաղթ կազմակերպելու համար հարկավոր են Հայաստանում ապրել ցանկացող մարդիկ, որոնք սակայն չկան: Այդ խոսքերն ասվել են Սիրիայի մեր հայրենակիցների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում, սակայն երևի թե անվիճելի է, որ այլ հայկական համայնքներից էլ քիչ են Հայաստանում բնակվել ցանկացողները:
Կարելի է պատկերացնել, որ եթե անգամ Սիրիայում քաղաքացիական պատերազմի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում տեղի հայերի զգալի մասը չի ցանկանում հաստատվել, կամ այլ կերպ ասած փրկվել Հայաստանում, ապա ինչ վիճակ է այլ երկրներում, որտեղ հայությանը ֆիզիկական վտանգ չի սպառնում:
Իսկապես, Հայաստանում ապրել ցանկանալու խնդիրը առաջնայիններից մեկն է ներգաղթ կազմակերպելու համար: Մինչդեռ ակնհայտ է, որ ներգաղթը Հայաստանի համար ռազմավարական նշանակության քայլ է, որ կենսական է այժմ, երբ երկրում կա դեմոգրաֆիական մեծ խնդիր: Միայն թե պետական կառավարման համակարգի պատկերացումներն են այստեղ սխալ, ինչպես երևում է Հրանուշ Հակոբյանի խոսքից:
Ներգաղթի կազմակերպումն ամենևին պետք չէ պատկերացնել օդանավերի տրամադրում հայկական համայնքներին, որ այնտեղից հայերը նստեն ու հոծ խմբերով տեղափոխվեն հայրենիք: Դա ներգաղթի տեխնիկական կազմակերպումն է, որն իհարկե անհեթեթ է պատկերացնել, թե մարդիկ չեն ուզում գալ և ապրել Հայաստանում:
Ամբողջ հարցն էլ հենց այն է, թե իսկ ինչու մարդիկ չեն ուզում գալ և ապրել Հայաստանում անգամ արյունոտ և վտանգավոր Սիրիայից: Այդ հարցին է, որ պետք է պատասխանել և այդ պատասխանից է, որ պետք է սկսել ներգաղթի կազմակերպումը բառի բուն և պատկերավոր իմաստով:
Միգուցե շատերին կթվա, որ օրինակ սիրիահայերի մի զգալի մասը խուսափում է Հայաստանում ապաստան գտնելուց, որովհետև չի ցանկանում Սիրիայում թողնել իր ունեցվածքը, տունը, տեղը: Իրականում դա պատճառ չէ, և պատճառ դիտարկելը մոլորություն է: Խնդիրը Հայաստանում է, այն որակների մեջ, որ կան Հայաստանում, թե որպես պետություն, թե որպես հասարակություն, թե որպես հայրենիք: Ինֆորմացիայի դարում հայկական բոլոր համայնքներին էլ շատ լավ պարզ է, թե ինչպիսի պետություն է Հայաստանը, ինչ կանոններով, հասարակական համակեցության ինչ համակարգով է ապրում Հայաստանի հասարակությունը, ինչպիսին է գերիշխող մշակույթը, ինչպիսին են պատկերացումները, մթնոլորտը, միջավայրը:
Հայկական համայնքներում այդ մասին շատ լավ տեղեկացված են, որովհետև ոչ միայն օրինակ սփյուռքի նախարարությունից կամ պետական քարոզչության հեռուստատեսային և տպագիր խողովակներից են օգտվում, այլ կամ անձամբ են գալիս Հայաստան և անմիջականորեն առնչվում տեղի կյանքին, կամ էլ իրենց ընկերներն ու բարեկամներն են զանազան առիթներով գալիս Հայաստան ոչ միայն հայրենիքով հմայվելու, այլ նաև հայրենիքում որևէ աշխատանք, գործ անելու նպատակով: Իսկ թե ինչ է սպասում նրանց այդ գործի, աշխատանքի դեպքում, մենք կարող ենք շատ լավ պատկերացնել:
Քանի՞-քանի սփյուռքահայ գործարար է Հայաստանից հեռացել խաբված, հեռացել վիրավորված, հեռացել իրավունքները ոտնահարված: Քանի՞ սփյուռքահայ գործարարներ են Հայաստանում բախվել կաշառակերության, ռեկետի, հովանավորչության, պետական բարձր մակարդակով կոռուպցիայի փաստերին: Քանիսն են սփյուռքից շփվել Հայաստանի բյուրոկրատիայի, Հայաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, զգացել նրանց ընչաքաղցությունը, նրանց բիզնես ամենակուլ ախորժակը, ամեն ինչ խժռելու, ամեն ինչին հնարավորինս շատ մասն լինելու, և հնարավորինս անաշխատ հարստություն կուտակելու անհագ ցանկությանը, տեսակին, բնույթին, մտածողությանն ու հոգեբանությանը:
Քանիսն են սփյուռքում, որ հավատում են իրենց աչքի տեսածին, կամ իրենց ընկերոջ, եղբոր, բարեկամի աչքի տեսածին, ոչ թե միայն իշխանական քարոզչության խողովակներին: Այդ բոլոր մարդկանց թիվը հազարներ է, տասնյակ, գուցե հարյուր հազարներ: Ինֆորմացիան ներկայումս շատ արագ է տարածվում, և հայկական համայնքներում շատ լավ են պատկերացնում ինչ մթնոլորտ և իրավիճակ, ինչ կանոններ ու արժեքներ են Հայաստանում: Սփյուռքահայ երևելի գործիչներն անգամ, որոնք հեղինակություն են նաև իշխանության համար, մասնավոր զրույցներում մատնանշում են Հայաստանում առկա լուրջ արատները՝ բիզնեսի և իշխանության սերտաճածություն, սեփականության իրավունքի խտրական, կողմնակալ պաշտպանություն, անհավասարություն, անկախ դատական համակարգի բացակայություն:
Ո՞ր հայը կհամաձայնի թողնել իր կյանքը և Հայաստանում նոր կյանք սկսել, տեղափոխվել այստեղ: Հետևաբար, ներգաղթի կազմակերպումը ոչ թե օդանավերը յուղելուց և ներկելուց պետք է սկսել, որ հետո էլ պարզվի, որ այդ օդանավերը նստող չկա, Հայաստանում հաստատվել ցանկացող չկա, այլ պետք է սկսել երկրի ներսում լուրջ, արմատական, խորքային համակարգային բարեփոխումներ իրականացնելուց, Հայաստանն օրենքի, իրավունքի, ստեղծագործական ազատության երկիր դարձնելուց, որտեղ մարդը ազատ է, որտեղ մարդու պաշտպանը օրենքն է, ոչ թե իշխանական տանիքները կամ կիսաքրեական օլիգարխիկ խմբերը՝ այդ մարդու աշխատանքի մի զգալի մասը իրենց վերցնելու պայմանով:
Միայն օրենքի, Սահմանադրության, իրավունքի և ազատության, հավասարության և արդարության, արդարադատության կանոններով ապրող պետությունը կարող է գրավիչ լինել ցանկացած քաղաքացու, այդ թվում մեր հայրենակիցների համար: Հետևաբար ներգաղթի կազմակերպումը սկսում է պետությունում իրական, լաjնածավալ և խորքային բարեփոխումներից, որոնք սակայն Հայաստանում ներկայումս արտահայտվում են միմիայն անարդյունք խոսքերի տեսքով: Իսկ ներգաղթ Հայաստանին պետք է, պետք է թե զուտ ֆիզիկական, թե նաև բովանդակային, արժեքային, գաղափարական առումով: Հայաստանին պետք են ապրող մարդիկ, որպեսզի մեր բնակավայրերը չդատարկվեն: Հայաստանին պետք է նոր շունչ, նոր լիցք է պետք, որ կարող են բերել մեր հայրենակիցները արտերկրից, եթե Հայաստանում ապահովվի մարդու գործունեության այն միջավայրը, որտեղ ազատ մրցակցություն է և սոցիալական արդարություն:









































