Грузия Online-ի փոխանցմամբ՝ նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) մասնակցելու է Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման կապակցությամբ տոնական համերգին:
Նշվում է, որ Ազնավուրը 25 հոգանոց երաժշտական խմբի հետ Ախալցխայում համերգ է տալու օգոստոսի 16-ին և իր հիթերը կատարելու է մեկուկես ժամվա ընթացքում: Վրաստանի իշխանությունները 10 ամսվա ընթացքում ամբողջովին վերանորոգել են այդ ամրոցը և նրան վերադարձրել են իր նախկին տեսքը:
Ամրոցի մոտ կառուցվել են նաև զբոսաշրջային օբյեկտներ՝ հյուրանոցներ, սրճարան, ավարտին է մոտենում ամֆիթատրոնի կառուցումը, որում էլ ելույթ է ունենալու Ազնավուրը: Ազնավուրի հայրը սերում է Ախալցխայի հայ ընտանիքից:









































