Ոստիկանությունը պարզաբանում է «Առաջին լրատվական»-ի` «Կասկածելի ընտրացուցակ, կամ ով է Գյումրիում աժիոտաժ ստեղծում» վերնագրով հոդվածը, որում վկայակոչվում է էթնոժողովրդագրի տեսակետը Գյումրի քաղաքի ընտրողների թվի վերաբերյալ` այն համարելով կասկածելի:
Նման կասկածները փարատելու նպատակով պարզաբանում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակը ձևավորվում է ոչ թե բնակչության փաստացի թվի, այլ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տվյալների հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գյումրի քաղաքի ընտրողների ռեգիստրը կազմել է 124.523 ընտրող: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ընտրությունների ընտրողների նախնական թիվը 30.07.2012թ. դրությամբ կազմել է 126.438 ընտրող, այսինքն, ընտրողների թիվը աճել է 1915-ով:
Ընտրողների թվի նախնական աճը պայմանավորված է հետևյալով`
1. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու կապակցությամբ Գյումրի քաղաքում հաշվառվել են 495 քաղաքացի:
2. 824 ընտրող ընտրացուցակում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ:
3. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. առաջին անգամ անձնագիր ստանալու կապակցությամբ հաշվառվել են Գյումրի քաղաքի 73 բնակիչներ, ովքեր մինչև 18 տարեկանը ինչ-ինչ պատճառներով անձնագիր չեն ստացել:
4. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են հաշվառում չունեցող 478 անձինք:
5. Ընտրողների ռեգիստր ընդգրկվել են մինչեւ քվեարկության oրն առնվազն վեց ամuվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 32 անձինք:
6. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատված 13 անձինք:
Իրազեկում են նաև, որ վերջնական ցուցակները հրապարակելիս ընտրացուցակներից հանվելու են 30.07.2012թ.-ից հետո Գյումրի քաղաքի տարածքային զինկոմիսարիատից ստացված 455 զորակոչիկների տվյալներ, Գյումրի քաղաքի ՔԿԱԳ տարածքային բաժնից ստացված 93 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, ինչպես և սույն պարզաբանման 4-րդ կետում նշված անձանցից նրանց տվյալները, ովքեր չեն բավարարում ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներին:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը «Կասկածելի ընտրացուցակ, կամ ով է Գյումրիում աժիոտաժ ստեղծում» վերնագրով հոդվածում անդրադարձել էր, որ սահմանված կարգի համաձայն Գյումրիում ընտրատեղամասերի երևացող պատուհանների ապակիներին փակցվել են ընտրողների նախնական ցուցակները, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան ստուգելու իրենց անունները ցուցակներում ընդգրկված են թե ոչ, կամ կա՞ն ցուցակներում արդյոք քաղաքացիներ, ովքեր գրանցումից դուրս են, կամ մահացած են:









































