Այն բանից հետո, երբ 35 թիվ ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրու քաղաքապատի ընտրություններում, գլխավոր ինտրիգը թերևս շարունակում է մնալ այն, թե ով է փոխարինելու Բալասանյանին և մտնելու խորհրդարան:
Ինչպես հայտնի է, թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն էր առաջադրել նաև Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող Գյումրու Գարեջուր գործարանի լաբորատորայի վարիչ Հայկ Սուլթանյանը: Սակայն վերջինս շուտով ինքնաբացարկ հայտնեց, և, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա այս անգամ էլ առաջադրվել: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն թիվ 34 ընտրատարածքում պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը առաջադրել էր թիվ 34 ընտրատարածքում, սակայն պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է գյումրեցիների շրջանում անցկացնել լրագրողական փոքրիկ հարցախույցʽ պարզելու համար, թե ինչ են մտածում շարքային գյումրեցիները այս ամենի վերաբերյալ: «Ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ով կլինի պատգամավոր, կարևորը, որ ժողովրդի մասին մտածեն, թե չէ Բալասանյան, չէ ով գուզե եղնի, եթե ժողովրդի մատից փուշ հանող չեղնի, մեզի ինչ օգուտ»,-այսպես արտահայտվեց գյումրեցի Մամիկոն Սուրենյանը: Մի մասի կարծիքով էլ դերերի կամ դեմքերի փոփոխությունը ոչինչ չի տա, եթե գլոբալ փոփոխություններ չլինեն: «Մենք կարծում ենք, որ այս ամենը շոու է, իրենք լավ գիտեն ով կեղնի քաղաքապետ, ով պատգամավոր, շարքային քաղաքացիներն ո՞վ են իրենց համար»,-նման կերպ արձագանքեցին մի շարք գյումրեցիներ, ովքեր աշխատանք չունենալու պատճառով օրվա մեծ մասն անցկացնում են Գյումրու կենտրոնական հրապարակում:








































