Լոնդոնյան օլիմպիադայում երեկ շարունակվել է հայկական սպորտի առայժմ անփառունակ ընթացքը: Ձախողվել է մեդալի հավակնորդ մեր հերթական մասնակիցը՝ Մելինե Դալուզյանը: Նախօրեին նույն կերպ ձախողվել էր մեր հավակնորդներից ևս մեկը՝ Առաքել Միրզոյանը: Այս ամենը հակասական տպավորություններ է թողնում:
Մի կողմից ակնհայտ է, որ Հայաստանի օլիմպիական թիմը ակնհայտորեն անբավարար պատրաստվածությամբ է մեկնել Լոնդոն, մյուս կողմից էլ այդ թիմի շատ մարզիկներ դեռ չեն սկսել իրենց ելույթները և պետք չէ քննադատաբար մոտենալ Հայաստանի թիմի մասնակցությանը, այլ այդուհանդերձ պետք է հաղթահարել առաջին օրերի պատճառած հիասթափությունն ու հուսահատությունը և հավատալ մեր մյուս մասնակիցներին, եթե անգամ առաջին օրերի մեր մասնակցությունը լուրջ հարված է հասցրել հավատի նախադրյալներին: Հայաստանը դեռ ունի ծանրորդներ և ըմբիշներ, որոնք մեդալների իրական հավակնորդներ են, և գուցե նրանք կարողանան կոտրել մեզ համար օլիմպիադայի անհաջող ընթացքը:
Առաջիկա օրերին մրցասպարեզ դուրս եկող մեր մարզիկներին մաղթում ենք հաջողություն, ուժ, ճկունություն, համառություն և կամք, որպեսզի նրանք կարողանան Հայաստանի դրոշը բարձրացնել Լոնդոնում և հնարավորության դեպքում նաև հնչեցնել Հայաստանի օրհներգը:
Ինչ վերաբերում է մինչև այժմ տեղի ունեցածին, ապա այն իսկապես լուրջ վերլուծության և դիտարկման պետք է ենթարկվի, քանի որ ինչպես վստահեցնում են նաև սպորտի մասնագետները, ինչը, թերևս, տեսանելի է նաև նույնիսկ սիրողական և անզեն աչքով, այդ անհաջողություններում մեծ դեր ունի, այսպես ասած, կառավարող և մարզչական կազմի ոչ պրոֆեսիոնալ որոշումների հանգամանքը: Մասնավորապես, երեկ այդ մասին էր հայտարարել նաև աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը` մատնանշելով մեր ծանրորդների թե’ մարզչական շտաբի, թե’ ֆեդերացիայի, թե’ նաև Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալ մի քանի որոշումների հանգամանքը, մասնավորապես` Առաքել Միրզոյանի ելույթի պարագայում:
Սակայն այստեղ, թերևս, զարմանալի որևէ բան չկա, որովհետև հայկական սպորտը վաղուց արդեն կառավարվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ, ըստ էության, ֆեոդալիզմի կանոններով, և ամեն ինչ որոշում է ոչ թե մասնագիտական հմտությունը, մարզական, մեթոդաբանական պրոֆեսիոնալիզմը, այլ հովանավորի կամքը՝ ով փող է տալիս, նա էլ պատվիրում է ամեն ինչ՝ սկսած մարզչական համազգեստի ճաշակից, մինչև մարզական պատրաստության մեթոդաբանություն: Իսկ վերջում էլ այդ ամենը ծառայեցվում են անձնական քարոզչության կամ քաղաքական PR-ի նպատակներին:
Եվ այս ամենով հանդերձ, մենք, այնուամենայնիվ, կրկին անգամ հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, ովքեր դեռ չեն սկսել իրենց ելույթները և պատրաստվում են դուրս գալ մրցասպարեզ: Հաջողություն ենք մաղթում, թեկուզ և նրանց հաջողությունը որոշ մարդիկ կարող են ծառայեցնել իրենց անձնական և քաղաքական շահերին: Միևնույն է, թող մեր մարզիկները հաղթեն, թող Հայաստանի դրոշը բարձրանա, որովհետև նրանց հաղթանակը թե’ հենց իրենց անձնական հաջողությունն է, թե’ մեր պետական ու ազգային արժանապատվությունը շոյող հանգամանք: Նրանք մեր մարզիկներն են, ու մենք ուզում ենք, որ նրանք հաղթեն:










































