Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը օգոստոսին համագումար կհրավիրի, որի ժամանակ կորոշի անելիքները: «Առաջին լրատվական»-ը կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ից՝ հաշվի առնելով ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանի վերջին հայտարարությունները:
«Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, ինքն է որոշել, որ մենք 2008-ին ստորագրել ենք կոնգրեսի դեկլարացիան: Ինքն էլ որոշում է՝ մնալ, թե գնալ: Գնահատական կտրվի իրավիճակին, կորոշվի ինչ անել, ըստ այդմ էլ կորոշվի՝ մնալ, թե գնալ»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:
Նա չանդրադարձավ կոնգրեսի ղեկավարության հասցեին Դավիթ Շահնազարյանի հնչեցրած մեղադրանքներին՝ նշելով, որ դա «սոլիդ չէ»: Սակայն նշեց, որ յուրաքանչյուր անգամ, երբ ՀԱԿ-ից անհատ կամ քաղաքական ուժ է դուրս գալիս, Կոնգրեսի դիրքերը թուլանում են:
Հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ առաջնորդի վարած քաղաքականությունը գոհացնո՞ւմ է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությանը: «Ո՛չ»,- կարճ պատասխանեց Գառնիկ Մարգարյանը:
Նա նշեց, որ իրեն չի գոհացնում նաև երկրում ստեղծված իրավիճակը:
«Մենք կանգած ենք կործանման շեմին: Ոչ ոք չի ուզում լրջորեն մտածել դրա մասին. 4 մլն-ից մնացել ենք 1.5 մլն: Ի՞նչ ենք անելու, երբ որ թշնամիներով շրջապատված ենք: Հետո ի՞նչ, որ աշխարհի տերերը թույլ չեն տալիս պատերազմ սկսել, բայց թուրքը թուրք է մնում, չէ՞: Ինձ դա է մտահագում: 20 տարի դրա համար էր պայքարը, որ հզոր Հայաստան լինի, իսկ հիմա ի՞նչ հզոր Հայաստան: Հիմա ավելի շատ են փախչում մարդիկ հայրենիքից, քան 90-ականներին: Մեր ազգային անվտանգությունը վտանգված է»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:










































