Նոր Օռլեանի ոստիկանությունը հայտնի ամերիկացի դերասան Կյուբա Գուդինգ կրտսերին ձերբակալելու օրդեր է տվել` քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ինչպես հաստատում է բարի աշխատակցուհին, օսկարակիր դերասանը երկու անգամ հրել է իրեն այն պատճառով, որ ինքը խնդրել է դերասանին հեռանալ: Աշխատակցուհու խոսքով` դերասանը չափազանց վրդովվել էր, երբ իրեն ճանաչած մի քանի այցելուներ խնդրել են միասին լուսանկարվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այն բանից հետո, երբ բարի աշխատակցուհին աստղին խորհուրդ է տվել հանգստանալ և հեռանալ, Գուդինգ կրտսերը ենթադրաբար հրել է նրան:
Նոր Օռլեանում դերասանը նկարահանվում է «Սեղանապետը» ֆիլմում:
Նշենք, որ Գուդինգ կրտսերը Օսկարի է արժանացել «Ջերրի Մագուայր» (1996) ֆիլմում երկրորդական դերի համար:







































