Երևանյան լճի մոտակա տարածքում մարմնավաճառ հայուհիների և նրանց բազմազան «կլիենտների» ոչ այնքան հետաքրքիր գործարքներին կարելի է ականատես լինել ամեն օր: Քաղաքի ոչ անմարդաբնակ այդ տարածքով բազմաթիվ երթուղայիններ են անցնում, մոտակայքում գտնվում է Երևանի ամենախոշոր սուպերմարկետներից մեկը, որտեղից հազարավոր մարդիկ ամեն օր առևտուր են անում և կրկին ականատես լինում նույն անշնորհք տեսարաններին, սակայն միևնույն է, հանրապետությունում այդպես էլ չկա մի մարմին, որը կկարողանա մարմնավաճառների դեմ այնպես պայքարել, որ նրանց առևտուրը վերանա այդ վայրերից:
Այն անձինք, ովքեր այդ տարածքում հատուկ իրենց տեղերն ունեն, շարունակում են իրենց բիզնեսն ընդլայնել, և այս հարցում իրենց օգուտն են բերում նաև այն բազմաթիվ տաքսիները, որոնք անպակաս են այդ տարածքներից:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մարմնավաճառներին սպասարկելը հանրապետության բազմաթիվ տաքսիների համար գիշերային աշխատանքի պես մի բան է դարձել:
Վերը նշված տարածքում վերահսկողության իրականացման հարցը ճշտելու համար փորձեցինք դիմել Երևանի քաղաքապետարան, սակայն պարզվեց, որ քաղաքապետարանը իրավասու չէ այդ տարածքում հասարակական կարգ պահպանել:
ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվականին» փոխանցեցին, որ ոստիկանությունը նման տարածքներում պարբերաբար կանխարգելիչ բնույթի միջոցառումներ է իրականացնում, ստուգայցեր է կազմակերպում, մարմնավաճառներին տանում դիսպանսեր ստուգման և նրանց վարչական պատասխանատվության ենթարկում:
Սակայն նույն մարդիկ, ինչպես ինքներս ենք տեսնում, հաջորդ օրն էլի իրենց տեղերում են, մուծում են վարչական տուգանքը և անցնում իրենց գործին, իսկ մենք և մեր երեխաները շարունակում ենք ականատես լինել նույն զազրելի տեսարաններին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանի խոսքով` հիմա գոնե այդ տուգանքների չափերը բարձրացվել են, քանի որ նախկինում չափազանց փոքր չափերի էին: Ի դեպ՝ նույն անձին երկրորդ անգամ վարչական պատասխանատվության ենթարկելիս տուգանքի կրկնակի չափ է գանձվում և այլն: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով որևէ պատիժ նախատեսված չէ մարմնավաճառության համար:










































