The Independent –ի լոսանջելեսյան բյուրոյի ղեկավար Գայ Ադամսի Twitter –ի էջը փակվել է այն բանից հետո, երբ լրագրողն այնտեղ տեղադրել է ԱՄՆ-ում Օլիմպիադան հեռարձակող NBC հեռուստաալիքին քննադատող մի քանի տասնյակ հաղորդագրություններ:
Լրագրողն իր աջակցությունն է հայտնել հեռուստադիտողների դժգոհությանն այն առնչությամբ, որ Օլիմպիադայի բացման արարողությունը հեռուստաալիքը երեկոյան փրայմ թայմի (հեռուստադիտման ամենապիկ ժամը) ժամանակ ցուցադրել է ոչ թե ուղիղ միացմամբ, այլ ձայնագրված տարբերակով: Ադամսի խոսքով՝ արդյունքում ընկերությունն ավելի շատ գումար է աշխատել:
Լրագրողի օգտահաշիվը փակվել է այն բանից հետո, երբ Ադամսը հրապարակել է NBC Olympics բաժնի ղեկավար Գերի Զենկելի էլեկտրոնային փոստի հասցեն:
Twitter –ի կանոնները թույլ չեն տալիս մարդու անձնական տվյալներն առանց նրա թույլտվության հրապարակելը: Միկրոբլոգների ցանցը արգելում է նաև կրեդիտ քարտերի, բնակության հասցեների և փաստաթղթեի սերիաների հրապարակումը:
Ադամսն իր օգտահաշիվը վերականգնելու և արգելափակելու պատճառների բացատրման նպատակով արդեն դիմել է Twitter ընկերությանը: Նրա խոսքով՝ Զենկելի էլ փոստի հասցեն մեկ անգամ արդեն հայտնվել է համացանցում, այնպես որ իր հրապարակումը չէր կարող հանդիսանալ NBC-ի թոփ մենեջերի անձեռնմխելիության խախտում: Լրագրողը կարծում է, որ Twitter-ն արգելափակել է իր էջը NBC-ի հետ համագործակցության պայմանագրի պատճառով:
Գայ Ադամսը միակը չէ, ում վրդովել է Օլիմպիադայի ձայնագրված ցուցադրությունը: Շատերը դժգոհել են՝ ասելով, որ հեռարձակման բացառիկ իրավունք ունեցող հեռուստաալիքը ստիպել է իրենց Օլիմպիադան ուղիղ հեռարձակմամբ դիտել ցանցահենային կայքերում:










































