Դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին զուգընկեր Կարեն Արայանը, ով մեղադրվում է նրա պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ, սպասում է իր գործով հերթական դատական նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրեր առաջ մոր առողջական խնդիրների պատճառով անժամկետ հացադուլը դադարեցրած Կարեն Արայանի պաշտպան Կիմա Սարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հուսով են` այս անգամ տեղի ունեցած իրադարձություններից հետո գոնե վկաները կներկայանան, և դատավարությունը վերջապես կշարունակվի: Իսկ թե ինչ է պատրաստվում անել Կարեն Արայանը կամ կրկին կշարունակի հացադուլը, թե ոչ` առայժմ պարզ չէ: Պաշտպանի խոսքով` ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա դատավարությունից հետո:
Նշենք, որ հուլիսի 17-ից Կարեն Արայանին տեղափոխել էին հացադուլավորների համար առանձնացված խուց: Կարեն Արայանի` հացադուլ հայտարարելու պատճառը բողոքն էր քրեական գործի դեմ:
Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ էր հղել բանտից, որում մասնավորապես նշվում էր. «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին, և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները, և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի ելնելով վերոգրյալից` ես այսօրվանից կարել եմ բերանս և հայտարարում եմ անժամկետ հացադուլ ու պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
Արայանի գործով վերջին դատաքննությունը կայացել է հուլիսի 14-ին, որին գործով անցնող վկաները ներկա չեն եղել: Դատարանը չի կարողանում բերման ենթարկել կարևոր վկաներին, և գործն ըստ էության հայտնվել է փակուղում: Տեսնենք, թե կներկայանա՞ն արդյոք օգոստոսի 15-ի նիստին, ինչպես Կարենի մայրը` Մարինա Արայանն էր նշում, հեռուստաէկրանից այդքան հաճախ փայլող աստղերը, ովքեր նաև հենց գործով վկաներն են:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:










































