Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Ուրեկի հանգստավայրում հանդիպել է տեղի բնակչության ու հանգստացողների հետ: Տեղաբնակներից մեկը Սաակաշվիլիին հիշեցրել է, որ նախորդ տարի վերջինս իրենց խոստացել էր լավ ճանապարհ կառուցել Ուրեկիում:
Ի պատասխան՝ Սաակաշվիլին վերահաստատել է իր խոստումը՝ ընդգծելով, որ Ուրեկիում անպայմանորեն կկառուցվի լավ ճանապարհ: Սաակաշվիլին նաև խոստացել է Ուրեկին վերածել եվրոպական չափորոշիչներին համապատասխանող հանգստավայրի.
«Ուրեկին համապատասխանելու է միջազգային չափորոշիչներին: Ենթակառույցների աշխատանքները մեկնարկել են: Աստեղ հանգստացողների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Ով չի հավատում, թող գա այստեղ և տեսնի, թե ինչ աշխատանքներ են տարվում Ուրեկիում և ողջ Վրաստանում»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ուրեկիում ընթանում են ծովի երկայնքով 1.8 կիլոմետրանոց, ծառուղու (բուլվար) կառուցման աշխատանքները: Ուրեկին ապահովվելու է բարձրորակ և մշտական խմելու ջրով: Այդ աշխատանքների սկիզբը պլանավորված է 2013 թվականին, իսկ ավարտը՝ 2014 թվականին: Նախագիծը գնահատվում է 17 միլիոն դոլար:








































