Սիրիայի կառավարական ուժերը գտնվում են քայքայման եզրինʽ վառելիքի և պարենամթերքի պակասի պատճառով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը՝ վկայակոչելով ընդդիմության կողմն անցամ սիրիական բանակի գեներալ Մուհամմադ Ալ-Զոբիին:
«Բենզինը գրեթե վերջացել է: Նրանց հրթիռները վերջանում են: Զինվորներին հազիվ է բավարարում ջուրը և հացը»,- ասել է նա:
Գեներալի խոսքերով՝ Սիրիայի իշխող վարչակարգը «կարող է շարունակվել ոչ ավել, քան մեկ կամ երկու ամիս»:
«Այնուհետև Բաշար Ասադը կլքի Սիրիան: Նա կմեկնի Ռուսաստան կամ Իրան»,- կարծում է Մուհամմադ Ալ-Զոբին:
Նրա խոսքերով՝ Ասադի բանակի զինվորների շուրջ 30 տոկոսը փախեցել է, նրանց մեծ մասը մուսուլման սուննիներ են: Ասադի կողքին մնացել են միայն ալաուիներ, որոնք «համոզված են, որ Սիրիան երկպառակտչական պատերազմի մեջ կհայտնվի, ինչպես որ Ռուանդան»:
«Նրանք (զինվորները) նյարդային են, հոգնած և սոված: Մեծ մասը բազաներում է արդեն երեք կամ չորս ամիս: Նրանք չեն տեսնում մերձավորներին: Երբ նրանք զանգահարում են իրենց կանանց, գծերը գաղտնալսվում են: Շատ զինծառայողներ պահվում են զինվորական բանտերում: Բոլոր դասալիքներին, ում բռնում են, անհապաղ գնդակահարում են»,- ասել է գեներալը:











































