Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին ընդունել է «Լոռի-Մարտակերտ.բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների միջև կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը համարել է օգտակար երկու հայկական հանրապետությունների համար և կարևոր ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Քննարկվել են նաև երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիկոպոս Չուլջյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք:







































