Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի՝ 1862թ-ին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է երկթեք կտուրով միանավ եկեղեցի, ժամանակի և բնական ազդեցությունների հետևանքով մաշվել և քայքայվել է:
Կղմինդրով և հերձաքարով կառուցված տանիքի որոշ հատվածներում առաջացել էին ճեղքեր և անցքեր. անձրևաջրերը ներս էին թափվում, քայքայում պատերը, ողողում եկեղեցու սրահը:
Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին`եկեղեցու փլուզումը կանխելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը անձամբ նախաձեռնեց եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարեց աշխատանքները: Հիմնովին փոխվեց ծածկը, կատարվեցին տարածքի մաքրման աշխատանքներ:
Սույն թվականի հուլիսի 4-ին, ձեռամբ թեմակալ առաջնորդի, օծվեց և տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը: Արարողությանը ներկա էին գյուղապետը, գյուղի դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ: Արարողության ավարտին Սրբազան Հայրն օրհնեց բարերար Կարեն Սարիբեկյանին, գյուղի բնակիչներին և բոլոր ներկաներին` շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով աղոթավայրի վերանորոգման առիթով:
Այս առթիվ, հավարտ Խաչի օծման արարողության` ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ:
Եկեղեցու վերակառուցման աշխատանքները կտևեն ևս մեկ ամիս: Եկեղեցու վերաբացման մասին ազգաբնակչությանը համապատասխան տեղեկատվություն կհաղորդվի:
Լիլիթ Յոլչյան` Լոռու մարզային թղթակից









































