Լոնդոնյան Օլիմպիադայի բացման արարողության հանդիսատեսները, բրիտանական մամուլը և հոլիվուդյան կինոքննադատները բարձր են գնահատել թագուհի Էլիզաբեթ II-ի կինոդեբյուտը, ինչպես բրիտանական մամուլն է հումորով գրում` «Բոնդի աղջկա» դերում: Շոուի ժամանակ, որը բեմադրել է հայտնի ռեժիսոր Դենի Բոյլը, ցուցադրվել է կարճ տեսահոլովակ, որում թագուհին դերասան Դենիել Կրեյգի հետ խաղացել է դուետում: Նշենք, որ Կրեյգը հանդես է եկել 007գործակալ Ջեյմս Բոնդի դերով:
Կարճատև ֆիլմը, որի նկարահանումներն անցկացվել են Բուքինգհեմյան պալատում, ցուցադրվել է մարզադաշտում տեղադրված էկրանին:
Ֆիլմի սյուժեի համաձայն` Ջեյմս Բոնդին կանչում են Բուքինգհեմյան պալատ: Նա մտնում է թագուհու աշխատասենյակ, որտեղ վերջինս ուշադրությամբ ինչ-որ բան է կարդում: Ուշադրությունը գրավելու համար Բոնդը զգուշորեն հազում է: Թագուհին ողջունում է նրան, որից հետո նրանք միասին ուղղաթիռով ուղևորվում են մայրաքաղաքի Ստրատֆոնդ շրջանում գտնվող օլիմպիական մարզադաշտ: Բոլորը ներքևից ողջունում են նրանց: Ֆիլմի վերջում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը կախվում մարզադաշտի գլխավերևում, իսկ հերոսները իջնում են պարաշյուտով: Հենց այդ պահին մարզադաշտ են իջել ֆիլմի հերոսների կերպարանքով երկու պարաշյուտիստներ:














































