Կոլորադո նահանգում Բեթմենի ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդ սպանած Ջեյմս Հոլմսի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Արփահո շրջանի դատարանում, հաղորդում է Denver Channel հեռուստաալիքը:
Հոլմսի գործով առաջին դատավարությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլմսը նախքան սպանությունը այցելել է եղել հոգեբանի մոտ և անգամ նրան ուղարկել իր ծրագրած ոճրագործության մանրամասները: Եթե Հոլմսի մեղքն ապացուցվի, նրան կարող է սպասվել մահապատիժ:
Հիշեցնենք, Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ Հոլմսը կրակ է բացել հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 59 մարդ: Հաղորդվում էր, որ Հոլմսը իրեն երևակայել է Բեթմենի թշնամի Ջոկերը:









































