«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը, որն այսուհետ զբաղվելու է Խոսրովի արգելոցի պաշտպանության և վերականգնման հարցերով, կազմակերպում է ակցիա Խոսրովի արգելոց: Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամները, ակցիայի մասնակիցները կայցելեն արգելոցի հենց սրտում՝ «Գիլան»-ի հատվածում, «Հովազաձոր» ՍՊԸի կողմկից կառուցված սրճարանային շինությունը:
Նախաձեռնության պահանջներն են ՀՀ կառավարությունից` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության.
1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:
2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:
3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:
4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին
փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:
5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմիս:
Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից:
Կիրակի՝ հունիսի 29-ին, առավոտյան ժամը ութին ակտիվիստները շարժվում են Բարեկամության մետրոյից Կիևյան իջնող հատվածից ֆորդերով: Շարժվելուց հետո մոտ մեկ ժամից կլինեն արգելոցի մուտքի մոտ, որտեղից բեռնատարներով շարժվելու են դեպի Գիլան: Արգելոցում կմնան մոտ երկու ժամ, որից հետո նույն երթուղով կվերադառնանք Երևան: Նախատեսվում է Երևանում լինել մոտավորապես 14:00-15:00-ի ընթացքում:
Ճանապարհածախսը և արգելոց մտնելու վճարը միասին կկազմեն 3000-3500 դրամ: Ցանկացողները կարող են գրանցվել մինչև շաբաթ օրը երեկոյան ժամը 20:00` զանգահարելով Հասմիկ Գրիգորյանին 098 84 59 80 հեռախոսահամարով:








































