Այս տարվա հունիսի վերջին Իտալիայում կայացավ Tram անվանումը կրող ամենամյա երկրորդ գրական փառատոնը: Փառատոնը բնութագրվել է որպես Իտալիայում առաջին մշակութային միջոցառում` նվիրված մաֆիային վերաբերող գրականությանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ, որտեղ գրքերի հեղինակները, դատախազները, պատմաբանները հանդիպել են լրագրողների հետ` խոսելով երևույթի մասին և հիմնվելով անձնական փորձի վրա: Փառատոնը տևել է հինգ օր և տեղի է ունեցել Կալաբրայի ափերին` Լամեցիա Տերմե բնակավայրում:
Փառատոնի կազմակերպիչը` Լիրինո Աբբատեն, լավ տեղեկացված է իտալական որոշ խմբավորումների մասին: Լինելով լրագրող` նա համագործակցել է տեղական ոստիկանական ուժերի հետ և 2006 թ. մասնակցել Կոզա Նոստրայի գլխավորներից մեկի` Բերնարդո Պրովենցանոյի ձերբակալմանը: Հետագայում նրա ավտոմեքենայի տակ պայթուցիկ է հայտնաբերվել, ուստի ներկայում նա տեղաշարժվում է զինված պահակազորի հսկողությամբ:
«Կալաբրան ասյօր հավասարազոր է 30 տարվա վաղեմության Պալերմոյին, որտեղ հնարավոր չէր արտասանել «մաֆիա» բառը: Ահա թե ինչու մենք ընտրեցինք այս վայրը»,- հայտարարել է փառատոնի տնօրենը:











































