Չնայած Սիրիայում առկա պատերազմական իրավիճակին՝ այս պահի դրությամբ դեպի Լիբանան սիրիահայերի զանգվածային հոսք չի նկատվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
«Իհարկե, այն սիրիահայերը, ովքեր այստեղ բարեկամներ ունեն, գալիս, մնում են նրանց մոտ: Սակայն դրանք ընդամենը մասնավոր, եզակի դեպքեր են: Եթե սիրիահայերի հոսքը կանոնավորվի, մենք՝ լիբանանահայերս, պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու և ապաստաններ տրամադրելու նրանց»,- ասաց նա:
Շահան Գանդահարյանը, միաժամանակ, կասկած հայտնեց, որ սիրիահայերը Լիբանանում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունենան:
«Նրանք, անգամ եթե մեզ մոտ ապաստան գտնեն, ապա, կարծում եմ, միայն ժամանակավորապես, քանի որ սիրիահայ գաղութն ամենահին ու դասական գաղութներից է և պետք է շարունակի պահել իր գոյությունը»,- ասաց նա:










































