Թուրքական Milliyet թերթում հրապարակվել է թուրք հայտնի վերլուծաբան ու լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի «Ստեղծվում է քրդական մեծ պետություն, իսկ մենք դեռ քաղաքական փոքր հաշվարկների մեջ ենք» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Ոչ ոք չգիտի, թե որքանով են հավաստի այն տեղեկությունները, որոնք ստացվում են թե՛ Սիրիայի ընդդիմադիր ուժերից, թե՛ դիտորդներից, ըստ որոնց՝ Ասադը բարձիթողի վիճակում է թողել Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանները և իր ձեռքի տակ եղած ուժերը կուտակում է Դամասկոսի շուրջ՝ առաջնահերթ պլան մղելով իր և իր ընտանքի անվտանգության ապահովումը:
Արդյունքում, Սիրիայի հյուսիսում առաջացել է վակուում, որը, ստացված տվյալների համաձայն, ցանկանում են լցնել Սիրիայի քրդերը: Նրանք ցանկանում են օգտվել այս բարեպատեհ առիթից: Թուրքիայի ամենամեծ վախն էլ հենց դա է. Իրաքի ու Սիրիայի քրդերը համատեղ շարժում են ծավալել և գնում են միավորման ճանապարհով: Նրանք ցանկանում են իրենց մեջ ներառել նաև Թուրքիայի ու Իրանի քրդական զանգվածը և հռչակել Մեծ Քուրդիստան:
Տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ այլևս որևէ անհնար բան չկա, և Թուրքիան չի միջամտի դրան: Թուրքիան չկարողացավ լուծել իր իսկ քրդերի հարցը: (Իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) տվյալ ուղղությամբ 3-4 քայլ կատարեց դեպի առաջ և կանգ առավ: Մենք այլ հույսեր ունեինք: Հարցի լուծումը հնարավոր չէ միայն ահաբեկչության ու PKK-ի դեմ պայքար մղելով: Կամ մենք ենք շատ սխալվել, կամ էլ իշխանությունը չի տեսնում իրական պատկերը»:








































