Արդեն 11 տարի շարունակ հուլիսի վերջին ուրբաթ օրը համակարգչային մասնագետները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Տոնի հեղինակը ամերիկացի Թեդ Կեկտոսն է, ով 2000 թ. ունենալով արդեն 20 տարվա ցանցային ադմինիստրատորի աշխատանքային փորձ` առաջարկել է նշել այդ մասնագետների տոնը: Նա համոզված էր, որ տարին գոնե մեկ անգամ համակարգիչներից օգտվողները պետք է իրենց շնորհակալությունը հայտնեն ցանցային ադմինիստրատորներին:
Նրա խոսքով` եթե տեխնիկան լավ է աշխատում, իրենց ոչ ոք չի հիշում, սակայն բավական է մի փոքր խափանում, անմիջապես սկսում են մեղադրել ցանցային ադմինիստրատորին:
Այս տոնը առաջին անգամ նշվել է շատ համեստ պայմաններում` մի փոքրիկ սենյակում, սակայն այսօր` կապված համակարգչային տեխնոլոգիաների լայն տարածման հետ, տոնը նշվում է ավելի շուքով:









































