ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, Աստրախանում կայացած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման միակ շոշափելի արդյունքը սպանվածների եւ գերիների փոխանակման հետ կապված համաձայնության ձեռքբերումն էր. «Քաղաքական տեսանկյունից շարժ չկա, չկա նաեւ փոխադարձ համաձայնություն` կարգավորման սկզբունքների վերաբերյալ»:
Մելիքյանի խոսքերով, այս հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը ջանքեր է գործադրում կարգավորման իր տեսլականը իրականություն դարձնելու համար. «Այդ տեսանկյունից այն փաստը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպումներ են անցկացնում Ռուսաստանի նախագահի կազմակերպչական միջամտությամբ, պետք է ինչ-որ ձեւով արժեւորվի: Առաջին արժեւորումը, բնականաբար, ռուսական կողմն է, եւ տարօրինակ չէ, որ Ռուսաստանի նախագահն ու դիվանագետները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի դերը կարգավորման գործում առաջնային է»:
Մելիքյանը ակնկալիքներ չունի, թե առաջիկայում որեւէ առաջընթաց կարձանագրվի. «Թե՛ մադրիդյան սկզբունքները, թե՛ գործընթացի աշխարհաքաղաքական համատեքստը, թույլ չեն տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում կլինեն փոխադարձ ընդունելի լուծումներ»: