Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը ադրբեջանական ANS press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իր կարծիքը նա հիմնավորել է զինված ուժերի շփման գծում վերջերս միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման հանգամանքներով:
«Քանի դեռ կոնֆլիկտը չի լուծվել, պատերազմի վերսկսման սպառնալիք կա: Հույս ունեմ, որ իրավիճակն այդքան չի սրվի: Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ դառնալիս հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն են ստանձնել»,- ասել է Յագլանդը: Նա նաև շեշտել է, որ եթե ԵԽ-ն ինչ-որ կերպ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա կառույցը դա կանի մեծ գոհունակությամբ, չնայած որ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Խաղաղության և կայունության հաստատման համար կենսական նշանակություն ունի օրենքի գերակայության հաստատումը: Դա կարևոր է ոչ միայն ղարաբաղյան, այլ նաև այլ սառեցված հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Յագլանդը: