«Առաջին լրատվականը» տեղեկացավ, որ տարիներ առաջ Երևանի Լալայանց փողոցից «պետության կարիքների անվան» ներքո հանիրավի վտարված բնակիչ, հինգ երեխաների մայր Մարիամ Գիշյանը մեկնել է Թուրքիա: Մարիամ Գիշյանն այն քաղաքացիներից է, որոնք Հյուսիսային պողոտայի կառուցապատման պատրվակով զրկվեցին բնակարանից: Նրանից խլել էին 1000 խորանարդ քմ վեց սենյականոց բնակարանը 2003 թ. դեկտեմբերին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կայացրել էր վճիռ` համաձայն որի, Մարիամ Գիշյանին պետք է տրամադրեին չորս սենյականոց բնակարան կամ էլ համարժեք գումար` որպես փոխհատուցում: Սակայն Երևանի քաղաքապետարանն, անտեսելով այդ վճիռը, Մարիամ Գիշյանին և նրա զավակներին չի տրամադրել ո՛չ բնակարան, ո՛չ էլ փոխհատուցում: Ավելի ուշ` 2004 թ., Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշել էր Մարիամ Գիշյանի ընտանիքին վտարել սեփական բնակարանից: Վտարման դիմաց Մարիամ Գիշյանին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր տրամադրել քսան հազար դոլար, որը համարժեք փոխհատուցում չէր: Մարիամ Գիշյանը Հյուսիսային պողոտայից վտարված մյուս բնակիչների նման տարիներ շարունակ պայքարում էր իշխանությունների ապօրինությունների դեմ: Նա իր զավակների հետ բնակվում էր վարձով, ուրիշների օգնությամբ: Նա դիմել էր ՀՀ-ում գործող տարբեր դեսպանատներ: Եվ հիմա Մարիամ Գիշյանը իր բարեկամների շնորհիվ մեկնել է Թուրքիա, որտեղ նրան խոստացել են տրամադրել բնակարան: Մարիամի երեխաները շարունակում են ապրել վարձով: Նրանցից միայն երկուսն են ապահովված աշխատանքով: