Տաջիկստանի իշխանությունները երեկ ձերբակալել են բրիտանական BBC հեռուստաալիքի ուզբեկական ծառայության լրագրող Ուչունբոյ Ուսմոնովին` մեղադրելով նրան «Հիզբ Ալ-Թահրիր» ծայրահեղական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունում ասել են, որ Ուսմոնովը դեռ 2009 թ. անդամագրվել է այս կազմակերպությանը: Չորեքշաբթի օրը դատարանը թույլատրել է նրա ձերբակալությունը։ Նրան բռնել էին դեռ հունիսի 13-ին Խոջենթ քաղաքում: Ուսմոնովը մեղադրվում է իր հրապարակումներում «Հիզբ Ալ-Թահրիր»-ի գաղափարները քարոզելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իրավապաշտպանները կարծում են, որ Ուսմոնովի ձերբակալությունը սադրանք է, քանի որ վերջինս գրում էր այն դատավարությունների մասին, որում ներգրավված մարդիկ մեղադրվում էին իբր «Հիզբ Ալ-Թահրիր»-ի հետ կապեր ունենալու մեջ: