Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանին մակրոֆինանսական օգնության շրջանակում 45 մլն եվրո հատկացնելու որոշումը։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի պատգամավոր, Վրաստան-ԵՄ կոմիտեի համանախագահ Սաջադ Քարիմին։ 45մլն եվրոյից 35 միլիոնը միջնաժամկետ վարկ է, որը պետք է մարվի 15 տարվա ընթացքում, ևս 10 մլն եվրո կտրվի դրամաշնորհի տեսքով։
«Վրաստանի ֆինանսական ճգնաժամը նախկինի պես տագնապեցնող է, ՀՆԱ-ի համեմատ նրա պետական պարտքն աճում է՝ լարիի կտրուկ արժեզրկման պատճառով։ Չնայած Վրաստանի ազգային բանկի խելամիտ վերահսկողության շնորհիվ Վրաստանում ֆինանսական համակարգն առողջ է մնում»,-Twitter-ի իր էջում գրել է Քարիմը։