Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշում է՝ Եվրոպայում մեծ անհանգստություն կա Անվտանգության խորհրդի նոր կազմի ու այդ խորհրդին տրված լիազորությունների հետ կապված։ «Դրսի վերլուծաբանները զարմացած են՝ ժողովրդավարական իրավունքների կատաստրոֆիկ սահմանափակմանը ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ԵՄ ղեկավարությունը չեն արձագանքում։ Մեր ֆորումի վերլուծաբանները հանգել են այն տեսակետին, որ նաև կառավարության նիստերը փակ անցկացնելու որոշումը խիստ վտանգավոր միտում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Շարունակելով իր միտքը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ինչո՞ւ, ումի՞ց են փակում այդ նիստերը, այդ ի՞նչ որոշումներ են ընդունելու։ Ամենայն հավանականությամբ, այդ փակ նիստերը և Անվտանգության խորհրդի դերակատարումը դնելով ԱԺ-ից ավելի բարձր մակարդակի վրա, մի նպատակ է հետապնդում՝ Հայաստանը պետք է վերադարձնի ազատագրված տարածքները։ Որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա վերադարձնել առանց ժողովրդի հետ քննարկելու՝ ԱԺ-ից այդ հարցը հանում և տեղափոխում է խորհուրդ, որտեղ իր ենթականերն են։ Մենք հայտարարում ենք՝ եթե այդպիսի բան կատարվեց՝ անկասկած, ժողովրդական ընդվզումներ են լինելու»։
Աշոտ Գրիգորյանի խոսքերով՝ երկրագնդի վրա չկա մեկ հայ, որը համաձայնվի վերադարձնել այդ տարածքները։ «Դա նշանակում է կորցնել Արցախն ու մեր երկիրը։ Այս հույժ գաղտնի քայլերը ունեն միայն մեկ իմաստ՝ այսպիսով նա կկարողանա կատարել դրսին տված իր խոստումներն ու վերադարձնել ազատագրված տարածքները»,- եզրափակեց նա։